Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Չդիվանագիտական դիվանագիտություն

Չդիվանագիտական դիվանագիտություն
05.09.2017 | 09:56

Ոչ ոք չի կարող ասել, թե Մոսկվան ու Վաշինգտոնը երբ կվերջակետեն դիվանագիտական պատերազմը: Թվում է՝ արդիականությունը կորցրել է փաստը, որ առաջինը սկսեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ տարեմուտին ԱՄՆ-ից արտաքսելով ռուս դիվանագետներին: Կրեմլը չպատասխանեց՝ հնարավորություն տալով պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփին մաքուր էջից սկսել: Չստացվեց: Դեռ ընտրարշավից թափ հավաքող ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության ձնագունդը օրեցօր մեծացավ ու արդեն հանգեցրել է Սպիտակ տանը աղմկոտ պաշտոնանկությունների, խորացնելով Վաշինգտոնի ու Մոսկվայի առճակատումը: Ի պատասխան ԱՄՆ նոր պատժամիջոցների՝ Մոսկվան արտաքսեց ԱՄՆ դիվանագետներին, ԱՄՆ-ն էլ փակեց Սան Ֆրանցիսկոյի ՌԴ հյուպատոսարանը և առևտրական երկու ներկայացուցչություն:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որ տանգոյի հույս ուներ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, արձանագրեց, որ ԱՄՆ-ը բրեյքդանս է պարում: Խնդիրը դա է՝ պարահրապարակում նվագում են տարբեր նվագախմբեր:


Հայտարարվեց նաև, որ ՌԴ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային չի մասնակցի, իսկ Դոնալդ Թրամփը մտադիր է Նյու Յորքում պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում կազմակերպել: Փաստացի՝ Նյու Յորքը Համբուրգ չի դառնա: Դա ևս մեկ վկայություն է, որ դիվանագիտական պատերազմը դիվանագիտական ենթատեքստ չունի: Ռուսաստանը չի տեղավորվում «Մեծ Ամերիկայի» Թրամփի պատկերացումներում: ԱՄՆ-ը չի տեղավորվում Կրեմլի ինքնահաստատման ծրագրերում: Ազդեցության ոլորտների ու ռեսուրսների համար պայքարի հիբրիդային պատերազմում դիվանագետները հերթական հարվածը միմյանց հասցնելու միջոց են միայն: Միաժամանակ ակնհայտ է երկու կողմերի դիվանագետների՝ իրավիճակը փոխելու անկարողությունը: ՈՒ ոչ միայն դիվանագետների, նաև նախագահների, որ հակառակ իրադարձությունների ընթացքի մայրաքաղաքներից ազդանշաններ են հղում միմյանց, որ կարևորում են փոխհարաբերությունների նորմալացումը: Իսկ միջազգային օրակարգի հարցերը մնում են՝ Սիրիան, Փխենյանի հրթիռները, որ արդեն Ճապոնիայի վրայով են թռչում, Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ ՌԴ փոխհարաբերությունները, էներգետիկ շուկայում կարգավիճակի խնդիրների՝ այս ամենը ամեն օր տարբեր լուրերի տեսքով մատուցվում է մեզ ու հոսում՝ երբեմն տպավորվելով, երբեմն մոռացվելով: Դժվար է լրահոսի խորքում տեքստերի ու ենթատեքստերի բուն մեսիջները որսալ: Դա էլ քաղաքականության ոչ դիվանագիտական դիվանագիտությունն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Գուցե տարօրինակ, գուցե օրինաչափ է, որ այս ամենով հանդերձ՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին ամենից շատ հուզում է Երևանի փողոցների անվանափոխությունը, և նա հայտարարեց, որ Ռուսաստանը չպետք է անտեսի նման գործընթացները: «Եթե դա տեղի ունենա, կամ եթե բանավեճերն այդ թեմայով շարունակվեն, Մոսկվան, անկասկած, կարձագանքի նման թշնամական գործողություններին»,- ասաց նա: Վերջապես գտնվեց «թշնամին»: Նա, ով ուզում է Երևանի Լենինգրադյան փողոցը վերանվանել, երբ քաղաքապետ Անատոլի Սոբչակը դեռ անցյալ դարում Լենինգրադին առանց դիմադրության վերադարձրեց Սանկտ Պետերբուրգ անունը: Աբսու՞րդ է: Ոչ: Հիշեք Գարեգին Նժդեհի արձանի պատմությունը: Քաղաքականության մեջ Ռուսաստանն ու ռուսները ուժեղ են այնտեղ, որտեղ չեն հանդիպում դիմադրության: Սա մեկ կամ մի քանի փողոցի հարց չէ, սա ինքնիշխանության հարց է, որ կամ պաշտպանում ես, կամ զիջում: Փողոցից սկսած մինչև պետություն:

Դիտվել է՝ 1525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ